Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին։
Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրել էր Հանրապետության նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էին խորհրդարանական «Ազատ Հայրենիք-մարզպետական կառավարում», «Արդարություն», ՀՅԴ «Դաշնակցություն» և «Արցախի դեմոկրատական կուսակցություն» խմբակցությունները։
Օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր պաշտոնը լքելու որոշման մասին, իսկ սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրապետության Ազգային ժողով։ Հարությունյանն Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի մայիսի 21-ից։