Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխումը Ստեփանակերտ։
«Մարդասիրական բեռը վերջապես հասավ Ղարաբաղի հայությանը։ Ողջունում ենք հումանիտար բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով (Ակնա)։ Հիմա դա պետք է կանոնակարգել»,-գրել է Միշելը X (նախկին Twitter) սոցցանցում։
Հուլիսի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման ժամանակ Շառլ Միշելն ընդգծել էր Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը: Սեպտեմբերի 1-ին Միշելն առաջարկել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն մատակարարել Լաչինի միջանցքով և Ակնայի ճանապարհով։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Ակնայի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից ԿԽՄԿ-ի մեքենաներով բեռների տեղափոխում է նախատեսվում։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Ակնայի ճանապարհներով։
Սեպտեմբերի 17-ին հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկը, որն ստացել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակից և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։