Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արդեն երրորդ անգամ է հերքում Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, տեղեկանում ենք ԱՀ ՊՆ-ից։
«Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը»,-հայտնել են ԱՀ ՊՆ-ից։
ԱՀ ՊՆ-ն նշվածը բացարձակ կեղծիք է որակել։
«Հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ։
ԱՀ ՊՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հերքել էր Ասկերանի շրջանում ադրբեջանական դիրքերին կրակելու Բաքվի տեղեկությունները։ Արցախի ՊՆ-ն պատասխանել էր դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։
Արցախի ՊՆ-ն երեկ՝ սեպտեմբերի 18-ին, երկու անգամ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները։ Սեպտեմբերի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման և ԼՂ մեկ զինծառայողի վիրավորման մասին։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց: