Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԼՂ իրավիճակի հարցով հրատապ նիստ է նախաձեռնում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի հետ այսօր հեռախոսազրույց է ունեցել։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը»,-հայտնել են կառավարությունում։
Հավելենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ավելի վաղ պահանջել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փարիզը նաև կոչ է արել Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը:
«Ոչ մի արդարացում չի կարող արդարացնել միակողմանի այնպիսի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, ովքեր արդեն տուժել են մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից»,-նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն սեպտեմբերի 19-ին հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում զինված գործողություն սկսելու մասին։ Գերատեսչությունը Ստեփանակերտի ռմբակոծությունն անվանել էր «հակաահաբեկչական գործողություն» և հայտնել, որ «ընթացող գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը»։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 զոհվածների մասին, այդ թվում՝ մեկ երեխայի և 23 վիրավորների մասին։