Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Կանադան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի մեղմացնի այդ ռազմական գործողության հետևանքները քաղաքացիական բնակչության համար, որոնք արդեն տուժել են մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից։ Կանադան կշարունակի աշխատել, որ այդ հակամարտությանը բանակցությունների միջոցով կայուն կարգավորում գտնի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության մասին և հիշեցրել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին: Կանադան Բաքվին «բարի կամք դրսևորելու» կոչ է արել՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության վերականգնման համատեքստում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են Իրանի ԱԳ նախարար Նասեր Կանաանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ավելի ուշ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ Եվրախորհրդին կոչ են արել դիտարկել Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: