Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և Եվրախորհրդին կոչ արել դիտարկել Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:
Հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը, Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով ԵԽ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ բուլղարացի Անդրեյ Կովաչովը, Ադրբեջանի հարցով ԵԽ մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն:
«Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Մենք կոչ ենք անում ԵԽ-ին հիմնովին վերանայել ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ և քննարկել պատժամիջոցներ սահմանելու հարցը»,-X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրել է Մարինա Կալյուրանդը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: