«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ժամը 19։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, հանրահավաք է հայտարարել։ Նա քաղաքացիներին համազգային գործադուլի և դասադուլի կոչ արել:
«Արցախում իրավիճակը շատ ծանր է: Արցախում որոշվում է Հայաստանի և նրա պետականության ճակատագիրը: Մենք հիմա միայն մեկ հնարավորություն ունենք լուծելու Արցախի և Հայաստանի հարցը՝ իշխանափոխություն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացում, նոր կառավարության ձևավորում»,- ընդգծել է Թևանյանը։
Նա կոչ է արել քաղաքացիներին միավորվել՝ անկախ տարաձայնություններից ու քաղաքական հայացքներից։ «Եթե Արցախը պաշտպանված չլինի, հաջորդը կլինի Սյունիքը, Սևանը, ի վերջո՝ Երևանը»,- եզրափակեց ընդդիմադիրը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: