Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները:
«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը։ Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և պետք է վերսկսվի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումը: Ես շարունակում եմ կապի մեջ մնալ վարչապետ Փաշինյանի հետ»,-ասված է Մակրոնի գրառման մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
Ադրբեջանական ագրեսիան դատապարտել են Իրանի ԱԳ նախարար Նասեր Կանաանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ Եվրախորհրդին կոչ են արել դիտարկել Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: