Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Եվլախ քաղաքում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են նաև, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանըը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ»,- նշել են աշխատակազմում։
Հայտնում են, որ, դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
«Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,- հայտնել են նախագահի աշխատակազմից։
Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: