ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ԼՂ շուրջ ստորագրված տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։
«Առաջին նկատառումն այն է, որ տեքստում հիշատակվում է «ՀՀ ԶՈւ մնացած ստորաբաժանումների մասին» միտքը։ Այս փաստը մեզ համար հասկանալի չէ, բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։ Ամեն դեպքում՝ այս հայտարարությունը և ԼՂ-ի իշխանությունների կողմից նրա ընդունումը մենք ընդունում ենք ի գիտություն»,- հայտարարել է վարչապետը։
Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է Փաշինյանը, ԼՂ հայության անվտանգության հարցն է։ Նրա խոսքով՝ տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն ԼՂ հայերին ապրելու իրենց հողում՝ արժանապատիվ և անվտանգ։
«Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ ՌԴ-ն նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, թեև այդ պատասխանատվությունը 2020-ի նոյեմբերի 9-ից դրված է եղել ՌԴ խաղաղապահ առաքելության վրա։ Հույս ունենք, որ նման քայլ անելով ՌԴ խաղաղապահ զորախումբը կկատարի իր պարտականությունը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելն արդարացնում են իր՝ երեկվա վարկածն ու գնահատականը, որ ադրբեջանական այս ագրեսիայի հիմնական նպատակներից մեկը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։
«Իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ դա անել, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը։ Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, բայց չի զրոյացել։ Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ կշարունակեն հետևել իրադարձություններին և հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի` իրենց տներում ապրելու իրավունքը կապահովվի ՌԴ-ի կողմից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ այկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Համաձայնություն է կայացվել սեպտեմբերի 21-ին հանդիպում կազմակերպել Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
Պուտինը հայտնել է, որ կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար։ Նա այս մասին հայտնել է Կրեմլում...