Ռուսաստանը չի ընդունում նախատինքները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC-ը։
«Մեր հասցեին նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Նրանք ոչ մի բանի վրա չեն հիմնված։ Չնայած դրան, մենք շարունակում ենք մեր շփումները հայկական կողմի հետ։ Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը և մեզ մոտ գտնվող երկիրը։ Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետ, սա նույնպես մեր շատ կարևոր գործընկերն է։ Մենք շարունակում ենք մեր շփումները Ղարաբաղի հայերի հետ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը։
Սեպտեմբերի 19-ին Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանը նախ պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ «տեղում ներկա են խաղաղապահները»։ Նրա խոսքով, խաղաղապահների պարտականությունը ոչ թե բժշկական օգնություն ցուցաբերելն է, այլ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, որը ստորագրել է ՌԴ նախագահը։
Պեսկովն ընդգծել է, որ, չնայած մեղադրանքներին, Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի և Երևանի հետ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այժմ դե յուրե խոսքը Ադրբեջանի գործողությունների մասին է իր տարածքում, ուստի Ռուսաստանը չի ընդունում իր հասցեին մեղադրանքները։
«Հայկական կողմը ճանաչել է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածքի անբաժանելի մաս։ Այս պահին այս ամենն էապես փոխել է մի շարք դրույթներ, և մենք չենք ընդունում մեր հասցեին նման կշտամբանքները, առավել ևս, որ հայկական կողմի որոշում կա Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Դե յուրե, հիմա մենք խոսում ենք Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին՝ իր տարածքում»,- պարզաբանել է նա՝ ասելով, որ տարածաշրջանում զարգացած ճգնաժամի պայմաններում Մոսկվան նույնպես հենվում է եռակողմ պայմանավորվածությունների վրա։
«Մեր զինվորականները սխոլաստիկայով չեն զբաղվում, նրանք կոնկրետ աշխատանք են կատարում, խաղաղապահների դեր են խաղում, օգնում են քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին, տարհանում վտանգավոր գոտիներից։ Այս աշխատանքը շարունակվում է գիշեր-ցերեկ։ Ջանքերը շարունակվում են»,- ընդգծել է Պեսկովը։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Մոսկվան սպասում է համաձայնեցնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, բայց անհրաժեշտության դեպքում տեղի կունենան, հավելել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: