ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացիները շարունակում են ի աջակցություն Արցախի բողոքի ակցիա իրականացնել։ Կառավարության շենքը, որտեղ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, բախումներ էին եղել, շարունակում է շրջապատված մնալ ոստիկաններով։
Քաղաքացիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Արցախում տեղի ունեցածը վաղը Երևանում է լինելու, ձեր տներն են մտնելու» ,-դիմելով ոստիկաններին՝ ասաց քաղաքացիներից մեկը։
Փաշինյանին պաշտպանելու համար ակցիայի մասնակիցները կշտամբում էին ոստիկաններին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվել ի աջակցություն Արցախի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ցուցարարները ՀՀ իշխանություններից պահանջել են պաշտպանել Արցախը և վանկարկել «Նիկոլը դավաճան է», ինչպես նաև փորձել են ճեղքել ոստիկանական շղթան կառավարության շենքի մուտքի մոտ, որից հետո ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ոստիկանները կիրառել են խլացուցիչ նռնակներ։ Տեղի ունեցած բախումներից հետո ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նախնական տվյալներով տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան, 18-ը քաղաքացիական անձինք: Նրանցից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել, 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:
Ցուցարարներին միացած ըննդիմադիր առաջնորդներից «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ դիմելով քաղաքացիներին կոչ է արել իշխանափոխություն իրականացնել։
Մանրամասն՝ տեսանյութում։