Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախում և ինչ իրավիճակում է Արցախի ժողովուրդը։
«Շատ խառը իրավիճակ է։ Քանի որ կապի հետ խնդիր կա, իշխանությունները չեն կարողանում տրամադրությունները կարգավորել։ Հակասական են ադրբեջանական քարոզչամեքենայի, նաև մեր լրատվականներում տարածվող տեղեկությունները։ Դրանց հիման վրա հետևություններ անելու դեպքում յուրաքանչյուրը որոշում է ինքնակազմակերպվել, և մի վայրից մի վայր են տեղափոխվում, ինչը մարդկանց մոտ լրացուցիչ խուճակ կարող է առաջացնել»,- ասել է նա՝ հայտնելով, որ դիմել են իշխանություններին, ոստիկանությանը, որ մարդկանց հետ ակտիվ աշխատեն, իրազեկեն, վերահսկողություն իրականացնեն։
«Հիմա շատերը մոտակա գյուղերից, Ստեփանակերտից կամ քաղաքի ծայրամասերից պարզապես թեթև հագնված, սոված-ծարավ փողոցներում են։ Այստեղ- այնտեղ գետնին ուղղակի նստած են։ Շատ ծանր իրավիճակ է, շատերը փորձում են իրենց հարազատներին գտնել, քանի որ կապը կորցրել են․ հոսանք չլինելու պատճառով մարդիկ այլևս չեն կարողանում հաղորդակցվել միմյանց հետ։ Մեծ մասի հեռախոսներն այս պահին անջատված են»,- հայտնել է նա։
Հարցին՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանն այն լուրերը, թե ռուս խաղաղապահներն Արցախի բնակիչներին տեղեկացրել են, որ տարհանում չի լինելու և միակ ելքը, այսպես կոչված, ինտեգրումն է, Հակոբյանը նշել է․ «Նման բան չկա։ Գուցե դա ինչ-որ անհատական խոսակցության կամ ենթադրություն է։ Նման հայտարարություն որևէ մեկը չի կարող անել։ Նման բան չի կարող լինել և այդ առումով պաշտոնական որևէ բան չկա։ Այդ հայտարարությունները չեմ հաստատում»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
Աննա Բադալյան