Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են, այս մասին NEWS.am-ին պատմել է Հին Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ… բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնել է գյուղապետը:
Նա նշել է, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
«Բայց հասկանում եք, չէ՞ արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Մի բանը որ ասում եք՝ է, արդեն եղել է, սա վերջն էր: Սրանց էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի»,- ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախում և ինչ իրավիճակում է Արցախի ժողովուրդը․ «Հիմա շատերը մոտակա գյուղերից, Ստեփանակերտից կամ քաղաքի ծայրամասերից պարզապես թեթև հագնված, սոված-ծարավ փողոցներում են։ Այստեղ-այնտեղ գետնին ուղղակի նստած են։ Շատ ծանր իրավիճակ է, շատերը փորձում են իրենց հարազատներին գտնել, քանի որ կապը կորցրել են․ հոսանք չլինելու պատճառով մարդիկ այլևս չեն կարողանում հաղորդակցվել միմյանց հետ։ Մեծ մասի հեռախոսներն այս պահին անջատված են»,-հայտնել էր նա։