Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են, հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ չնշելով զոհերի թիվը։
«Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան։ Հրթիռակոծության հետևանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած The Moscow Times-ի աղբյուրը հայտնել է, որ մեքենայում մահացել է 4 մարդ, ևս մեկ զինծառայող վիրավորվել է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախում և ինչ վիճակում է Արցախի ժողովուրդը․ «Հիմա շատերը մոտակա գյուղերից, Ստեփանակերտից կամ քաղաքի ծայրամասերից պարզապես թեթև հագնված, սոված-ծարավ փողոցներում են։ Այստեղ-այնտեղ գետնին ուղղակի նստած են։ Շատ ծանր իրավիճակ է, շատերը փորձում են իրենց հարազատներին գտնել, քանի որ կապը կորցրել են․ հոսանք չլինելու պատճառով մարդիկ այլևս չեն կարողանում հաղորդակցվել միմյանց հետ։ Մեծ մասի հեռախոսներն այս պահին անջատված են»,- հայտնել էր նա։