Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կազմել է առնվազն 200 մարդ, հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ զոհվածների թվում կա 10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։ Վիրավորների թիվն անցնում է 400-ից։ Նրանցից 40-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 13 երեխա։
Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 10․000 մարդ այս պահին տարհանված է իրենց հայրենի համայնքներից և ստիպված ապաստան են գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի է ապահովել հարաբերական անվտանգություն։
«Նրանց թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, որոնցից շատերն իրենց կյանքի ընթացքում մի քանի անգամ տեղահանվել են ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Առանց պատշաճ սնվելու, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների․ սա ազգային աղետ է իրական ժամանակում և մարդու բոլոր տարրական իրավունքների կոպիտ խախտում»,- գրել է Ստեփանյանը։ Բացի այդ, նրա տեղեկություններով, հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։
Գեղամ Ստեփանյանը հայտնել է նաև, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ և խնդրել հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 47 հեռախոսահամարին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԼՂ շուրջ ստորագրված տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության էր ենթարկվել նաև ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են (զոհերի թիվը չի նշվել)։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախում շատ ծանր իրավիճակ է, մարդիկ սոված-ծարավ փողոցներում են։