Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հաղորդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ Տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները։
«Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հնարավոր է եղել հաղթահարել հակամարտության սուր փուլը և ողջունել ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունը ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «չնայած բարդ պայմաններին, խաղաղապահները շարունակում են ճշգրիտ կատարել իրենց հանձնարարված խնդիրները և համակողմանի օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանն ու փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների կողմից»։ «Հույս է հայտնվել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի և կայունացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 200 զոհի և 400 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԼՂ շուրջ ստորագրված տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության էր ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել են 4, վիրավորվել՝ 1 անձ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախում շատ ծանր իրավիճակ է, մարդիկ սոված-ծարավ փողոցներում են։