Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրությունում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Այս պահին Եվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը։