Ադրբեջանի ԶՈւ կորպուսի հրամանատարին, որի ենթականերն սպանել են ռուս խաղաղապահներին, հեռացրել են, իսկ ԼՂ-ում խաղաղապահների սպանության մեջ կասկածվողներին ձերբակալել են, «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության էր ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել են 4, վիրավորվել՝ 1 անձ։
Այսօր Իլհամ Ալիևը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին և ներողություն խնդրել ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Նա նաև առաջարկել էր դրամական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ Ալիևն ընդգծել էր, որ միջադեպը կհետաքննվի առավելագույնս մանրակրկիտ կերպով, և բոլոր մեղավորները կպատժվեն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 200 զոհի և 400 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։