Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հինգ խախտման մասին։
«Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Շուշիի (երկու) և Մարդակերտի (երեք) շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական խաղաղապահ զորախումբը կացարան, սնունդ և բժշկական օգնություն է տրամադրել 1340 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 607 երեխայի, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։