ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Անվտանգության խորհրդի նիստը գումարվել է Ֆրանսիայի խնդրանքով։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան նշել է, որ Փարիզը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լրջությունը։ Նա ասել է, որ վերջին շաբաթների ընթացքում զորքերի և տեխնիկայի զգալի կուտակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշել է լայնածավալ ռազմական գործողություն սկսել, որից տուժել է խաղաղ բնակչությունը։
Նա շեշտել է, որ ոչ ոք չի կարող հավատալ, որ այս գործողությունը նախապես ծրագրված չի եղել։ Ֆրանսիան անհապաղ խստորեն դատապարտել է այս անընդունելի հարձակումը, որը հակասում է վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքին, ասել է Կոլոնան՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մի շարք երկրներ նույնպես հստակեցրել են, որ մերժում են բռնությունն ու կամայականությունը։ Արտգործնախարարն ընդգծել է, որ սկզբունքորեն կարևոր է սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարի պահպանումը։
«Այստեղ մենք չենք խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Այս մասին ոչ ոք չի վիճում, ոչ ոք չի սպառնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Բայց վտանգվածը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հնարավորությունն է՝ շարունակել ապրել այնտեղ՝ իրենց իրավունքները, մշակույթն ու պատմությունը հարգելու պայմաններում։ Նման երաշխիք չի կարող լինել, երբ ամենաուժեղը ճնշում է թույլին, և երբ Լեռնային Ղարաբաղը երկար ամիսներ շրջափակման առարկա է եղել»,- ասել է նա։
Պաշտոնյան նշել է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղում հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու Բաքվի ցանկության մասին»։
«Այս խոսքերը պարտավորեցնում են Ադրբեջանին, որն այսօր պատասխանատվություն է կրում բնակչության ճակատագրի համար։ Եթե Ադրբեջանն իսկապես ձգտում է հասնել խաղաղ, բանակցային լուծման, նա պետք է այժմ շոշափելի երաշխիքներ տա, պետք է բարեխղճորեն ներգրավվի քննարկումների մեջ, բացառի ուժի ցանկացած կիրառում կամ սպառնալիք և համաձայնի, որ այդ երկխոսությունը վերաբերելու է բնակչության իրավունքներին ու երաշխիքներին՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Անհրաժեշտ է համաներում տրամադրել այն ուժերին, որոնք համաձայնել են հրադադարին, անհրաժեշտ է անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման, որն այդ ժամանակվանից ի վեր չի կատարվել։ Ձմռան գալով անհրաժեշտ է ընդունել միջազգային հումանիտար ներկայությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ առանց այդ երաշխիքների իրավիճակի կարգավորում չի կարող լինել։
«Վերջին օրերի իրադարձությունները հաստատում են, որ մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել և աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, քանի որ հակառակ դեպքում՝ մենք կդառնանք բնակչության զանգվածային արտագաղթի մեղսակիցը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ակտիվորեն նպաստի ճգնաժամի կարգավորմանը՝ աջակցելով Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բանակցությունների միջոցով լուծման պարամետրերի որոշմանը։ Նրա խոսքով, մշտապես «անհրաժեշտ է զգոն լինել՝ Հայաստանին չներքաշելու այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա չօգտագործելու որպես տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու փորձերի պատասխան»։
Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Թարիք Ահմադն ասել է, որ Լոնդոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա գործադրվող հսկայական ճնշումներով՝ նշելով տեղում աճող հումանիտար կարիքները։ Նա հիշեցրել է, որ Միացյալ Թագավորությունը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ուժի կիրառումը, զերծ մնալ էսկալացիայից և վերադառնալ երկխոսության։
«Մինչ մենք լիովին ճանաչում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքներում լարվածությունը կարգավորելու համար։ Ուղղակի երկխոսությունը միակ ճանապարհն է՝ ապահովելու իրական և կայուն խաղաղություն և լուծումներ»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ չափազանց կարևոր է վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ տարածաշրջանում բոլորի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հեղինակավոր ծրագրի հիման վրա։ Նա նշել է, որ բռնության շարունակական կիրառումը կխաթարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում ձեռք բերված առաջընթացը։ Լոնդոնը նաև կոչ է արել բոլոր կողմերին բաց երկխոսության մեջ մտնել՝ ապահովելու տարածաշրջանի բնակչության անվտանգությունը։
Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով` կապված Ադրբեջանի շարունակվող ռազմական գործողությունների հետ, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հրադադարի մասին հաղորդումները դրական իրադարձություն անվանելով՝ դիվանագետն ընդգծել է, որ իրավիճակը տեղում ներկայումս չափազանց ծանր է։
«ԱՄՆ-ն նույնպես անհանգստացած է խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մասին հաղորդումներով։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու, որ իր ուժերը խստորեն պահպանեն միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև մարտական գործողությունների կանոնները, պաշտպանեն խաղաղ բնակիչներին և մարդասիրական վերաբերմունք ցուցաբերեն: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ ունի հարգելու իր տարածքում ապրող բոլոր մարդկանց իրավունքները և հիմնարար ազատությունները»,- ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կոչ է անում երկու կողմերին ապահովել մարդասիրական կազմակերպությունների համար սննդամթերք, դեղորայք և այլ կարևոր ապրանքներ առանց խոչընդոտների առաքելու հնարավորություն։ Նա ընդգծել է, որ այս ճգնաժամին վերջ տալու միակ ճանապարհը բռնությանը վերջ դնելն է և կայուն խաղաղություն ապահովելը։
«Որպես իրավիճակը դեէսկալացնելու տեղական ջանքեր, մենք միջազգային առաքելության միջոցով պետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին երաշխիքներ տրամադրենք, որ նրանց իրավունքները կապահովվեն՝ համահունչ հենց Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին»,- ասել է ԱՄՆ խոսնակը։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նշել է, որ չնայած տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին, ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր խնդիրները և անել հնարավորը՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր խաղաղապահների հրամանատարությունը, շփվելով Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ակտիվ ջանքեր է գործադրում արյունահեղությունն ու ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու համար։ Նա ասել է, որ ամենավտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 5 000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան 1 000 երեխա։ Դիվանագետն ընդգծել է, որ բացարձակ առաջնահերթություն է ռազմական գործողությունների վերսկսումը կանխելն ու իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական դաշտ վերադարձնելը։
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հաշտեցումը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներով և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հարգմամբ՝ համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկայիս պարամետրերի շրջանակը սահմանվել է պաշտոնական Երևանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին՝ ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում։ Միևնույն ժամանակ, այս գագաթնաժողովների հովանու ներքո արված հայտարարություններում, որոնց ստորագրել է նաև Երևանը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտության թեման, ցավոք, ուղղակի բաց է թողնվել։ Հուսով ենք, որ Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդիի ներկայացուցիչների միջև շփումներն արդյունավետ կլինեն և թույլ կտան մեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը շտկելու և Ղարաբաղի բնակչության համար կայուն ապրուստ ապահովելու համար»,- ասել է Պոլյանսկին։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանի իրավական դաշտին ինտեգրման փուլային ճանապարհային քարտեզ պետք է մշակվի՝ նրանց իրավունքների և անվտանգության ամուր երաշխիքներով։
«Մենք ակտիվորեն աջակցելու ենք այդ գործընթացներին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները առանցքային նշանակություն ունեն»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ 2020-22 թվականների եռակողմ հայտարարությունների փաթեթը մնում է Հարավային Կովկասում կայուն կարգավորման միակ իրական հիմքը։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը նշել է, որ Պեկինն ուշադիր հետևում է իրավիճակին և հույս ունի, որ նախկինում ձեռք բերված հրադադարը կպահպանվի, և իրավիճակը աստիճանաբար կկարգավորվի։ Նա նաև ցավակցություն է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նրանք իրենց գործառույթները կատարում են ծանր պայմաններում, և նրանց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։
«Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և նրանք չեն կարող փախչել միմյանցից, ուստի անհրաժեշտ է խորհրդակցություններ և երկխոսություն վարել։ Սա բխում է ոչ միայն այս երկու երկրների շահերից, այլև տարածաշրջանային և միջազգային կայունության և խաղաղության շահերից: Չինաստանը մշտապես հանդես է եկել երկու երկրների հանգստության օգտին, խուսափել իրավիճակի սրումից և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից և տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումից: Մենք աջակցում ենք 2 երկրներին երկխոսության և բանակցությունների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումները շարունակելու հարցում։ Անհրաժեշտ է նրանց միջև առկա վեճը լուծել միջազգային հարաբերություններում առաջնորդվող նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,- ասել է ՉԺՀ ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։