ԱՄՆ սենատորներն օրինագիծ են պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, ասվում է Սենատի կայքում:
Ադրբեջանի ագրեսիայի դեմ Հայաստանին աջակցելու մասին նախագիծը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման ռազմավարության մշակում, հայերի դեմ գործողությունների համար Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների սահմանում և Հայաստանին ռազմական ֆինանսավորման թույլտվություն:
Նախագծում առանձին ընդգծվում է նաև Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելն արգելող «Ազատության աջակցության ակտ» 907 բաժնից հրաժարվելու ԱՄՆ իշխանությունների իրավունքի վերացման անհրաժեշտության մասին։ Օրինագիծը նախաձեռնել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսիդին (Լուիզիանա նահանգից), Քրիս Վան Հոլենը (Մերիլենդ նահանգից), Ալեքս Պադիլան (Կալիֆոռնիայից), Շելդոն Ուայթհաուսը (Ռոդ Այլենդ նահանգից) և Հարի Փիթերսը (Միչիգան նահանգից):
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ սենատի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը նույնպես հայտարարել էր Պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման անհրաժեշտության մասին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահելեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։