Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և «Զվարթնոց» օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին, իր Facebook-յան էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ հարձակումն իրականացվել է Արցախի վրա Ադրբեջանի հարձակվելուց մի քանի օր առաջ։
CyberHUB-AM-ի թիմը, Internews-ի վերլուծաբան Մարթայն Գրութենի հետ համատեղ, ուսումնասիրել է Հեռակառավարվող տրոյական ծրագիրը (Remote Access Trojan-RAT), որը թիրախավորում է «Արմենիա» միջազգային օդանավակայանները և Հայաստանի պետական մարմինները: Թիմի կայքից տեղեկանում ենք, որ ծրագիրը ներդրված է MS Word փաստաթղթում, որը ներկայացվում է որպես Ազգային անվտանգության ծառայության զգուշացում, և օգտագործում է VBA Macro կոդ, իսկ այնուհետև՝ Powershell սկրիպտ, վնասաբեր ծրագիրը ներբեռնելու և համակարգչում գործարկելու համար։
Թիմը իր կայքում հրապարակել է զեկույց, որը կօգնի պաշտպանվել հնարավոր հարձակումից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Եվլախում սեպտեմբերի 21-ին տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել էր պատգամավոր Ռամին Մամեդովը։