Երևանում բժիշկներն այսօր ակցիա են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ՝ պահանջելով իրենց տեղափոխել Արցախ։
Զառա Ամատունին ակցիայի մասնակիցներին ասել է, որ ԿՄԽԿ-ի ջանքերով վիրավորները Ստեփանակերտի հիվանդանոցում են։
«Մենք կարողացել ենք նաև որոշակի քանակով բուժպարագաներ փոխանցել այդ հիվանդանոցին»,-ասել է նա՝ շեշտելով, որ իրենք այլ գործառույթ չունեն։
Նա նշել է, որ կազմակերպությունը չի կարող բժիշկներին տեղափոխել Արցախ, քանի որ աշխատում է միայն ԿԽՄԿ գործընկերների հետ։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ ԿԽՄԿ-ում հանդիպում են ունեցել, որից բավարարված չեն։
«Ուզում եմ ասել, որ մի արցախցի բացի իր հեռախոսը ու տեսնի, որ այսքան բժիշկ է հավաքվել, ու չի ուզում, որ իր վիրավոր ընկերը մնա Արցախում, արդեն մեծ բան է։ Արցախցին պետք է իմանա, որ ինքը մենակ չի մնացել»,-ասաց նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահելեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Մանրամասն՝ տեսանյութերում։