ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում սկսվել է ՊԲ ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների։
«Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, կառավարվող հրթիռ, շարժական զենիթահրթիռային համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Տեսանյութը դիտեք Armenia Today-ի տելեգրամյան ալիքում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։