ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում հրադադարի երկու խախտում է գրանցվել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները հանձնել են վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։
Գերատեսչությունը հայտարարել է նաև ավելի քան 50 տոննա մարդասիրական պարենի Ղարաբաղ առաքելու մասին, ինչպես նաև ապահովվել է մարդասիրական ապրանքների առաքումը Ղարաբաղի խաղաղ բնակչության համար Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։
Խաղաղապահները, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, կացարան, սնունդ և բժշկական օգնություն են տրամադրել 826 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 440 երեխաների, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ԼՂ-ում հրադադարի 5 խապտման մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։