Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ 30-ից ավելի ծանր վիրավորներ Արցախից կտեղափոխվեն Հայաստան։
«Աշխատանքներ ենք տանում, որ գոնե այսօր 30-ից ավելի ծանր վիրավորում ունեցող մեր հայրենակիցներին տեղափոխենք Հայաստան։ Ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն տվեց համաձայնություն, որպեսզի ուղեկցեն։ Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և վիրավորներին կտեղափոխեն ՀՀ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թադևոսյանը։
Նա նշել է նաև, որ կան մի քանի տասնյակ զոհեր, նրանց մեջ՝ քաղաքացիական անձինք և մանկահասակ երեխա։
«Ցավոք, այս պահին ունենք նաև խնդիր Մարտակերտից մեր զոհվածների աճյունների և ծանր վիրավորների տեղափոխման հետ կապված, քանի որ ռուս խաղաղապահները փոխեցին պլանները և չունենք ուղեկցող»,- նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։