Ադրբեջանական բանակը և ռուս խաղաղապահները համատեղ հերթապահություն են իրականացնում Շուշայի (Շուշի) մուտքի անցակետերում, դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Մասնավորապես, քաղաքի մուտքերից մեկում տեղակայված են ադրբեջանական զորքերի զրահամեքենաներ և ռուս խաղաղապահների զրահափոխադրիչներ։
Քաղաքում իրավիճակը հանգիստ է, ճանապարհներին ադրբեջանական ոստիկանության պարեկային խմբեր են։
Մեկ այլ հոդվածով լրատվամիջոցը հայտնել է, որ Խանքենդին (Ստեփանակերտ) գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի կրակային հսկողության տակ, քաղաքում ընթանում է ղարաբաղյան բանակի զինաթափումը։
Նշվում է, որ քաղաքի շրջակայքում իրավիճակը հանգիստ է, Խանքենդիի շրջակայքում գերիշխող բարձունքներում հաստատվել են ադրբեջանական բանակի դիրքեր։
Ինչպես պարզաբանել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, քաղաքում շարունակվում է ադրբեջանական զինուժին Ղարաբաղի զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցման գործընթացը։
Սեպտեմբերի 22-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում սկսվել է ՊԲ ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։