Սեպտեմբերի 23-ին՝ ի աջակցություն Արցախի երթ է իրականացվել կառավարության շենքից դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, արցախցի երիտասարդների մասնակցությամբ։
Երթի գլխավոր պահաջներն էին կանխել 120․000 հայության ցեղասպանությունը և հումանիտար միջանցք բացել արցախցիների համար։
« Մենք անկուսակցական ենք, մեր պահանջը մեկն է՝ հումանիտար միջանցք Արցախին։ Անտարբեր մի՛ եղեք, միացե՛ք մեզ, օգնե՛ք փրկել մեր հայրենակիցներին, բացե՛ք կյանքի ճանապարհը։ Մենք Արցախն ենք կորցրել, բայց չենք ուզում կորցնել արցախցիներին, նրանք պե՛տք է գան։ Մեր ծնողները պե’տք է հասնեն մեզ, չպե’տք է կրկնվի 1915 թվականը։ Կանխե՛ք արցահայության ցեղասպանությունը»,- այսպիսի կոչերով և հորդորներով էր ուղեկցվում արցախցիների երևանյան երթը։
Երիտասարդների երթն ուղեկցվում էր ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, կրում էր խաղաղ բնույթ և ավարտվեց առանց բախումների։
Վաղ առավոտից զանգվածային բողոքի ցույցեր էին իրականացվել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել էր լուսաձայնանյին նռնակներ։
Ոստիկանության կողմից կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք էր ստացել թաեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը․ «Կարապետյանի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ՝ նրանց մասին տեղեկություն իմանալու։ Երբ ոստիկանությունն օգտագործել է լուսաձայնային նռնակներ, Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով նա ստացել է ոտքերի լուրջ վնասվածքներ»,- հայտնել էին մարզիկի ընկերները։
Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։
Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։
Կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին։
Ակցիան եզրափակվել էր երթով, որն իրականացվել էր Ամիրյան և Մաշտոց-Սարյան փողոցներով, Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, Խանջյանով դեպի վերև և Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքև՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ի բողոքի գործողությունների ընթացքում՝ վարչական իրավախախտումներ իրականացնելու համար, ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 98 անձ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։