Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է, «Արմենպրես»-ին տեղեկացրել է Տեղի համայնքապետարանի աշխատակցուհի Արշալույս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ տարհանված արցախցիներին դիմավորում են Կոռնիձորում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնում:
«Այս պահին գրանցման գործընթաց է իրականացվում, գնահատվում են նրանց առաջնահերթ կարիքները»,-հավելել է նա։ Ըստ նրա նախնական տվյալների՝ մոտ 30 տարհանված կա խմբում:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։
Հայտնել են, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։