ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ e-soc.am-ը, ինչպես նաև գործում է 114 թեժ գիծը, հայտնում է ՀՀ կառավարության՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։
Հայտնում են, որ Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար, և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։
Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում են հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։
Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։
«ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։ ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով»,-հայտնում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։