Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:
Շտաբը հայտնում է նաև, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:
Դրան զուգահեռ՝ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:
«Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով: Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության»,- ասված է հայտարարությունում:
Ըստ շտաբի՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր՝ ժամը 14:00-ից, Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի: «Կոչ ենք անում զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։