Սեպտեմբերի 25-ին կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
«Տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն և ևս մեկ քաղաքացի։ Կարմիր գյուղից տարհանվել է մեկ տարեց կին։
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։ Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։ Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին»,- ասված է հայտարարությունում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։