Իրավիճակը, որով մարդիկ տառապում են Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամերի հիշողությունները, սոցհարթակում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մենք հաճախ հետ ենք հիշում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այն մութ էջերը՝ զղջալով և ափսոսանքով, որ ոչ ոք բավարարը չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի այս վայրագությունների զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք՝ կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում»,- գրել է նա։
Մխիթարյանը շտապ մարդասիրական օգնության մոբիլիզացիայի կոչ է արել: «Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդների տեղակայում մարդկության դեմ այդ հանցագործությունները դադարեցնելու համար»,- նշել է նա:
Ըստ ֆուբոլիստի՝ այժմ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային առաջնորդները հանդես գան էթնիկ զտումների դեմ և օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
«Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում: Սիրտս ցավում է՝ իմանալով հազարավոր հայ ընտանիքների տրավմայի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և զանգվածային արտագաղթով փախչում են Հայաստան»,- գրել է Մխիթարյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։