Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:
«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։
«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։
Նախարարն առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, Արցախից Հայաստան է մուտք գործել 13․550 տեղահանված։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։