ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտության մասին։
«Շատ կարևոր է ապահովել միջազգային դիտորդների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Կան տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որոնք, ըստ ականատեսների, հայտնվել են ծանր վիճակում և ենթարկվել ադրբեջանցիների կողմից բռնության»,- ասել է նա:
Փաուերը Կոռնիձորում է, որտեղ հանդիպում է այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել Լեռնային Ղարաբաղը լքել և տեղափոխվել Հայաստան, հաղորդում է Armenia Today-ի թղթակիցը։
«ԱՄՆ ՄԶԳ-ի ուշադրությունը կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի ամենախոցելի բնակչությանն օգնելու վրա՝ ինչպես նրանց, ովքեր արդեն ժամանել են Հայաստան, այնպես էլ նրանց, ովքեր ճանապարհին արգելափակված են երթևեկության խցանումների պատճառով և ովքեր նախընտրում են մնալ Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Փաուերը:
Նա մատնանշել է միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, հավելել, որ Հայաստան է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունից։
«Ես եկել եմ նախագահ Բայդենի հանձնարարությամբ՝ խոսելու Հայաստանի իշխանությունների, հասարակության ներկայացուցիչների և փախստականների հետ, տեղում ծանոթանալու փաստերին, լսելու ականատեսների պատմությունները։ Սա կօգնի ապագայում ընտրել աջակցության ամենաօպտիմալ տարբերակները»,- ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով` կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։