ԼՂ-ից բռնի տեղահանվել է 20․270 քաղաքացի, լուծվել է 2․850 անձի կեցության խնդիր, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի բաղդասարյանը։
«Կառավարության նախաձեռնությամբ արդեն 3 օր է, ինչ գործում է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններ, իրականացվում է քաղաքացիների հաշվառման գործընթաց։ Այս պահի դորւթյամբ հաշվառում է ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 20․270 անձ։ Սյունիքի մարզում 1․298 անձի կեցության հարց է լուծվել, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268։ Ընդհանուր առմամբ պետությունը հոգացել է 2․850 անձի կեցության խնդիր»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, Կառավարության հումանիտար կենտրոնի համակարգող Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից Կոռնիձորով Հայաստան է մուտք գործել 19 հազար բռնի տեղահանված քաղաքացի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։