Սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախից տեղափոխված վիրավորների առողջական վիճակի մասին։
Ավանեսյանը հայտնել է, որ ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում է ստանում Առողջապահության նախարարության Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբանների մեր թիմին են միացել են նաև այլ նեղ մասնագետներ, միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,- ասել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ 23 վիրավորներ 2 օր առաջ տեղափոխվել էին Երևանի տարբեր բուժկենտրոններ. «Այսօր նրանք շարունակում են բուժօգնություն ստանալ, ստացել են վիրահատական միջամտություններ»:
Նախարարը տեղեկացրել է, որ վիրավորների տեղափոխման գործընթացն իրականացվում է թե՛ ուղղաթիռային, թե՛ շտապ օգնության մեքենաներով։
Սեպտեմբերի 25-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։