Առավոտյան 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22 800-ն արդեն իսկ հաշվառվել է, «Հումանիտար կենտրոնի» տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ընդամենը 4002 մարդ է ցանկացել օգտվել պետության աջակցությունից, որը տեղահանվածների 10 տոկոսն է կազմում:
«Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Սյունիքում տեղավորվել է 1 465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրժարվում է»,- հավաստիացրեց Բաղդասարյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։