Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, հայտնել է «Արմենպրես»-ը։
Տեղեկությունը փոխանցել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Վարդանյանի ձերբակալման մասին։ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը նույնպես հաստատել է գործարարին ձերբակալելու և ադրբեջանցիների կողմից գերեվարելու մասին տեղեկությունը։ Ավելի ուշ Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաստատել է Արցախի նախկին պետնախարարի ձերբակալությունը Հայաստանի հետ սահմանին։
«Նրան տեղափոխել են Բաքու՝ պետական սահմանային ծառայության արագ շարժման ուժերի անդամների ուղեկցությամբ։ Ձերբակալվածը հանձնվել է համապատասխան պետական մարմիններին՝ նրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու համար»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։