Ժամը 18:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ և 10 985 տրանսպորտային միջոց, հաշվառվել է 35 491 անձ, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Ժամը 19:00-ի դրությամբ ևս 38 բուժառու տեղափոխվել է օդային ճանապարհով: Ընդհանուր առմամբ՝ օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու: Այս պահին բուժկենտրոններից դուրս գրված բուժառուներ չունենք»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, տեղափոխվել է 129 աճյուն:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ irazekum.am կայքում տեղադրված են ՀՀ տարբեր մարզերում տեղակայված բոլոր հումանիտար կենտրոնների տվյալները, հասցեները, և այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառվել, կարող են հաշվառվել համապատասխան տարածքային կենտրոններում:
Վարչապետի մամուլի խոսնակը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծը գործում է շուրջօրյա. այս պահի դրությամբ ստացվել է 7300 զանգ՝ տարբեր հարցերով: Նշվել է նաև, որ առաջնային կարիքների հաշվառման համար գործում է համապատասխան հարթակ՝ e-soc.am, որտեղ լրացվել է շուրջ 5000 հայտ: Կամավորների հավաքագրման համար գործող՝ kamavor.mlsa.am կայքում գրանցվել է 730 քաղաքացի: Նաև սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրում է տեղի ունեցել, և իրենց աջակցությունն ու պատրաստակամություն են հայտնել շուրջ 150 կազմակերպություն՝ map.socservice.am կայքում:
Սեպտեմբերի 26-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է, իսկ սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։