Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն, հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։
«Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ, փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել է 129 աճյուն։
Սեպտեմբերի 26-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է, իսկ սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։