ԱՀ նախկին պետնարար Ռուբեն Վարդանյանը, որը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից, պատասխանատվության կենթարկվի որպես մեղադրյալ, հայտնել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։ Նրան մեղադրում են նաև «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման և դրանց գործունեությանը մասնակցելու մեջ»։ Մյուս հոդվածը վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատմանը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։