Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա, կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարության առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ ԼՂ-ի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների արդյունքում շարունակվում է։
«Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»,- ասաց նա։
Փաշինայնը հայտնեց, որ հայտարարություններով հանդես եկած միջազգային հարությունը մեղսակից է Ադրբեջանի գործողություններին։
«Միջազգային տարբեր խաղացողների կողմից էթնիկ զտումը դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամնեը պատմության համար բարոյական վիճակագություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ «դե, մենք դատապարտել ենք»»,- շեշտեց վարչապետը։
Ըստ նրա՝ եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։