Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որից 11 967 անձը հաշվառված է։ Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Բավական մեծ թվով մարդիկ կան, որոնք, սեփական մեքենա չունենալու պատճառով, դեռևս գտնվում են Ստեփանակերտում»,- ասաց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ Գորիսում մոբիլիզացված է 35 մեծ տարողությամբ ավտոբուս։ Այդ անձանց կաջակցեն՝ համապատասխան ավտոբուս տրամադրելով։
«Արդեն պայմանավորվածություն կա ռուս խաղաղապահների հետ, որոնք կուղեկցեն ավտոբուսները»,- հայտնեց Խաչատրյանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։