Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին ենք, որով սեպտեմբերի 23-ից բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցներն արդեն 6-րդ օրն է՝ ծանր ու դժվարին պայմաններում գալիս են Հայաստան։ Ճանապարհն անցնում են օրերով, որ հասնեն Կոռնիձորի հումանիտար կայան․ թշնամին այլ ելք չի թողել։ Armenia Today-ի նկարահանող խումբը եղել է Կոռնիձորում, զրուցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ:
48-ամյա Կարինե Մանասյանի ընտանիքն Արցախի Մաճկալաշեն գյուղից է, ուր տեղափոխվել էին 44-օրյա պատերազմից հետո․ այն ժամանակ տունը մնացել էր թշնամու վերահսկողություն տակ։ Կարինեն երկրորդ անգամ կորստի ցավ զգալով է ասում, որ Մաճկալաշենում ամուսինն ու որդին նոր տուն էին կառուցել։
«Երկու անգամ տուն ենք սարքել, երկու անգամ՝ կորցրել։ Հիմա չգիտենք՝ ուր գնանք, ում դուռը թակենք»,- ասում է Կարինեն։
Հիշում է 44-օրյա պատերազմն ու հիմա խոսում ոչ թե արհավիրքը վերապրելու, այլ նոր ցեղասպանության ականատեսը լինելու մասին։
«Տնից դամաշնիկներով ու աղջկաս շորերով եմ փախչել։ Լրատվականներով ասում էին՝ պատերազմ է լինելու, Արցախում ցեղասպանություն է լինելու, ինչո՞ւ չզգուշացրին մարդկանց, ինչո՞ւ չկանխեցին ցեղասպանությունը։ Երեխաներին դանակով սպանել են, աղջիկ երեխաներ բռնաբարել․․․։ Գալիս ես՝ ճանապարհին թուրքը ձեռք է առնում, ծիծաղում մեզ վրա, ասում՝ «հայեր, գնացե՛ք, ձեզ տենց էլ պետք էր»։ Եթե գիտեին, որ նոր ցեղասպանություն է լինելու ու այդ մասին հայտարարում էին, ինչո՞ւ թողեցին, որ ժողովուրդը կոտորվի, ինչո՞ւ չկանխեցին։ Էրեխեքն ապրումներից չեն կարողանում խոսել․․․ Մենք հարազատներ կորցրինք, գերեզմաններ թողեցինք, ինչի՞ համար, ո՞ւմ համար։ Ի՞նչ անենք հիմա, գնա՞նք հրապարակ ու տուն պահանջե՞նք։ Մեզ էլի որպես անօթևան կճանաչեն ու կթողնեն դռնեդուռ ընկած, ուրիշ ոչինչ»,- նշում է Կարինեն։
Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմն սկսվել է, տանն է եղել։
«Տունը նստած էի ու սկսվեց։ Հայտարարում էին պատերազմի ու ցեղասպանության մասին։ Մայրը երեխային կորցրած, երեխան՝ մորը, անտառներում մորթված․․․ Ո՞վ է պատասխան տալու։ Երեխան մոր ձեռքից բռնած, վախեցած ասում էր՝ «մա՛մ, գռադը կխփի, վախենում եմ»։ Դողում էր․․․ Այդ երեխան ի՞նչ ապագա պետք է ունենա այդ հոգեբանությամբ։ 4 պատերազմ տեսանք ու հիմա քարացել ենք։ Մենք չենք ապրել, գոնե մեր երեխաներն ապրեն․․․»,-նշեց մեր զրուցակիցը։
Կարինեն ու ամուսինը արտասվելով են լքել հայրենիքն ու արտասվելով շարունակել բռնի տեղահանման ճանապարհը։
«Մինչև Կոռնիձոր լացելով ենք եկել ես ու ամուսինս։ Ամուսինս տան պատուհաններն ու դռները համբուրել ու նոր է տանից դուրս եկել»,- ասաց նա։
Ընտանիքի համար առաջնահերթն այս պահին տուն ու աշխատանք գտնելն է։
«Ուզում ենք գոնե տուն լինի՝ անօթևան չմնանանք։ Տուն-տեղ ես դնում, հետ ես նայում, տեսնում, որ ոչինչ չկարողացար վերցնել, անգամ երեխաների նկարների ալբոմները․․․։ Հե՞շտ է, չէ․․․»,- նշեց նա։
Գոհար Հայրապետյանը ևս Մաճկալաշենից է։ Աղջկա ամուսինն ու ամուսնու եղբայրը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհ են դարձել։ Գոհարն իր երեք անչափահաս թոռների ու աղջկա հետ է հասել Կոռնիձոր ու չգիտի, թե ինչ է անելու և որտեղ են ապրելու։ Աղջկա ամենափոքր երեխան 1 տարեկան է։
«Աղջկաս ամուսինը սեպտեմբերի 25-ին եղբոր հետ գնացել էր, որ բենզին լցնի ու երեխաներին մեքենայով դուրս հանի։ Պայթյունից երկու եղբայր միասին զոհվեցին։ Երեք որբ անտուն են մնացել, չգիտենք ինչ անել, ուր գնալ»,- ցավով նշեց Գոհարը։
Ասում է՝ չէին գիտակցում, որ կռիվ է սկսվել։
«Ես գյուղի դպրոցում էի աշխատում։ Տնօրենը եկավ ու ասաց՝ գործերը շուտ ավարտեք ու գնացեք տուն։ Ասացինք՝ ինչո՞ւ, աշխատանքային ժամ է։ Ասացին՝ կուտակումներ են։ Դրանից մոտ 10 րոպե հետո ռմբակոծությունն սկսվեց։ Գյուղը, սարերը դղրդացին։ Փոքր ու մեծ իրար խառնվեցին։ Չգիտեինք՝ ուր գնալ, ո՛չ ապաստարան կար, ոչ գնալու տեղ, ո՛չ էլ բենզին կար, որ գոնե էրեխեքին դուրս հանեին։ Որին ոտաբոբիկ, որի ձեռքից քաշելով փորձում էինք դուրս հանել»,-պատմում է Գոհարը։
Նրա ընտանիքը Մաճկալաշենից տեղահանվել է այն ժամանակ, երբ գյուղում արդեն երեք զոհ կար։
«Երբ արդեն զոհեր ունեինք, երեխաներին վերցրինք ու փախանք գյուղից։ Գնացինք վերևի՝ Սոս գյուղ, բայց այնտեղ էլ սկսեցին ռմբակոծել։ Այնտեղից էլ գնացինք Ստեփանակերտ՝ մտածելով, որ քաղաքում՝ շենքերի տակ, ապահով է։ Ստեփանակերտ գնացինք, 3-4 օր մնացինք, հետո ասացին՝ տարհանում են, բայց ո՞ւր։ Մեր տունն ու տեղը թողած ո՞ւր գնանք, բայց ինչպե՞ս ապրենք թուրքերի հետ․․․»,- շեշտեց Գոհարը։
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն անցել են 2 օրում՝ հոգեբանական ծանր ապրումներով․ հենց ճանապարհին են իմացել աղջկա ամուսնու ու եղբոր` Ջիվանի ու Արտակի մահվան մասին։
«2 օր եկանք։ Երեխաները սոված ու ծարավ էին։ Չէինք գիտակցում, որ ճանապարհն այդքան երկար կլինի։ Մտածում էինք՝ Ստեփանակերտից Գորիս մոտ մեկ ժամվա մեջ կհասնենք։ Երեխաները լացում էին, ասում՝ հաց ենք ուզում, ջուր ենք ուզում։ Երեխաներին ձեռքներս ենք լուսացրել․․․ Մենք այնքան ենք լացել, որ քարսիրտ ենք դարձել»,- նշեց Գոհարը։
Կյանքի ճանապարհը գաղթի ճանապարհ դարձավ։ Այսօրվա տվյալներով՝ շուրջ 93 հազար մարդ է տեղահանվել Արցախից։
Հայրենազրկվածների ճանապարհը հիմա միակողմանի է, իսկ այնտեղ մնացին հիշողություններ․ երազանքներ, կիսատ մանկություն, հարազատների գերեզմաններ, եկեղեցիներ, պատմություն և մի մեծ տուն ու հայրենիք՝ Արցախ անունով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։
Աննա Բադալյան