ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընդդիմության՝ երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը, միևնույն ժամանակ հայտարարել, որ իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, տեղեկանում ենք Տեր-Պետրոսյանի հայտարարությունից։
«Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը։ Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»,-հայտարարել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։