Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ, իր X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։ Այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում»,- գրել է Բեգլարյանը՝ հավելելով, որ այն անվավեր է:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024թ. հունվարի 1-ը լուծարվում է պետական համակարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Իսկ ԼՂ-ի բնակչությունը հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։