Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիները գերեվարել են ՊԲ նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանին, հայտնել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Ավելի ուշ TACC-ն է իր աղբյուրին հղմամբ հրապարակել Մնացականյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը՝ Ստեփանակրետ-Գորիս ճանապարհը հատելիս:
«Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- գործակալությանն ասել է Մնացականյանի շրջապատի ներկայացուցիչը։
Մնացականյանը 2015 թ. հունիսի 15-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, իսկ 2018թ. դեկտեմբերի 14-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։