«Bloomberg»-ի խմբագրությունը Լեռնային Ղարաբաղի մասին սյունակ է հրապարակել, որտեղ Ադրբեջանի գործողությունները լայնամասշտաբ էթնիկ զտումներ է անվանել:
«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը չի կարելի անտեսել։ Այն ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը, որը գլոբալ էներգետիկ մատակարարումների կենսական կարևոր և աճող աղբյուր է»,-նշվում Է «Bloomberg»-ի հոդվածում։
Ընդլայնվող ճգնաժամը, լրագրողների կարծիքով, «խորացնում է Եվրոպայի կախվածությունն ադրբեջանական բնական գազից, որը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո էներգիայի առանցքային այլընտրանքային աղբյուր է դարձել է:
«ԱՄՆ-ն և Եվրոպան չեն կարող կողմնակի դիտորդի դերում մնալ։ Ադրբեջանն արդեն լիակատար վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և արևմտյան առաջնորդները պետք է պնդեն, որ Բաքուն ընդունի միջազգային խաղաղապահ ուժեր՝ մնացած խաղաղ բնակիչներին պաշտպանելու և անվտանգ տարանցումն ապահովելու համար»-նշվում է հոդվածում։
«Bloomberg»-ի խմբագրությունը հայտարարել է նաև տարածաշրջանում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը կործանումից պաշտպանելու անհրաժեշտության մասին:
«Մեծ է Լեռնային Ղարաբաղի հայերի լիակատար արտագաղթի հավանականությունը, և, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի ավելացնել մարդասիրական օգնությունը հայերին աջակցելու համար, որոնք պատրաստվում են նոր կյանք սկսել արդեն Հայաստանում։ Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս Ալիևին հասկացնի, որ միջազգային իրավունքը պետք է հարգել, և որ Հայաստանի հետ սահմանները վերաձևելու ցանկացած միակողմանի փորձ կհանգեցնի պատժամիջոցների և այլ հետևանքների»,-գրում է պարբերականը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։